Աշնանը ես մի ծառ ցնցեցի՝
Որ խաղան տերևները դեղին,
Բայց ծառից տագնապներ թափվեցին,
Ինչուներ շաղվեցին հողին:
Հրաժեշտ, բաժանում թափվեցին,
Սպասման անհամբեր վայրկյաններ,
Ճյուղերից պոետներ կախվեցին՝
Ուշ աշնան հարազատ զավակներ...
Եվ նրանք ճոճվում են նիրվանա՝
Նրանց հետ տերևները դեղին,
Ամեն պահ՝ «Կգա՛ նա, կգա՛ նա,
Սպասման հիվանդը վերջին»:
Տխուր են ուշ աշնան ծառերը,
Արցունք են տերևները դեղին,
Լսու՞մ եք՝ մի կտրեք ծառերը,
Տերև ենք դողացող ճյուղերին...
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ